Միջազգային 

Օբաման խոստացել է, որ իր երկիրը Sony կինոընկերության վրա իրականացրած կիբերհարձակումների մեղավորների պատասխանը կտա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է, որ իր երկիրը Sony  կինոընկերության վրա իրականացրած կիբերհարձակումների մեղավորների պատասխանը կտա։ Նրա խոսքով՝ հանցագործության պատասխանատվությունը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ Հյուսիսային Կորեայի վրա է, փոխանցում է  Deutsche Welle-ն։

«Մենք հավասարաչափ պատասխան կտանք այն վայրում, այն ժամանակ և այն ձևով, որը ճիշտ կհամարենք»,- հայտարարել է երկրի ղեկավարը։

Օբաման ընդունել է, որ կիբերհարձակումը մեծ վնաս է հասցրել ընկերությանը։ Սակայն նշել է, որ Sony-ն սխալ է արել՝ վարձույթից հանելով «Հարցազրույց» կատակերգությունը, որում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սպանվում է։

Նախագահի քննադատությունից հետո ընկերությունն, այնուամենայնիվ, որոշել է ցուցադրել ֆիլմը և հայտարարել է, որ այլընտրանքային հարթակներ է փնտրում վարձույթի համար։

«Մենք շարունակում ենք հուսալ, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է դիտել այս ֆիլմը, հնարավորություն կունենա անելու դա»,- նշվում է ընկերության հայտարարությունում։

Նույն շարքից