ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել է, որ իր երկիրը Sony կինոընկերության վրա իրականացրած կիբերհարձակումների մեղավորների պատասխանը կտա։ Նրա խոսքով՝ հանցագործության պատասխանատվությունը, ամենայն հավանականությամբ, ամբողջությամբ Հյուսիսային Կորեայի վրա է, փոխանցում է Deutsche Welle-ն։
«Մենք հավասարաչափ պատասխան կտանք այն վայրում, այն ժամանակ և այն ձևով, որը ճիշտ կհամարենք»,- հայտարարել է երկրի ղեկավարը։
Օբաման ընդունել է, որ կիբերհարձակումը մեծ վնաս է հասցրել ընկերությանը։ Սակայն նշել է, որ Sony-ն սխալ է արել՝ վարձույթից հանելով «Հարցազրույց» կատակերգությունը, որում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը սպանվում է։
Նախագահի քննադատությունից հետո ընկերությունն, այնուամենայնիվ, որոշել է ցուցադրել ֆիլմը և հայտարարել է, որ այլընտրանքային հարթակներ է փնտրում վարձույթի համար։
«Մենք շարունակում ենք հուսալ, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է դիտել այս ֆիլմը, հնարավորություն կունենա անելու դա»,- նշվում է ընկերության հայտարարությունում։