«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տնօրենների խորհրդի` Մոսկվայում կայացած նիստում քննարկվել են միայն ընկերության կառավարմանն ու ներդրումներին վերաբերող հարցեր, ընտրվել են խորհրդի նախագահ ու տեղակալներ, իսկ էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությանը և Հայաստանում բողոքի ցույցերին անդրադարձ չի կատարվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը` նշելով, որ տնօրենների խորհուրդը հաճախակի է անցկացնում նիստեր և քննարկում ծրագրային հարցերը:
«Նիստը արտահերթ չէ, տնօրենների խորհուրդը պարբերաբար է նիստեր անցկացնում»,- վստահեցրել է Սարջանյանը:
Նրա տրամադրած տեղեկատվության համաձայն` նիստի օրակարգում եղել է հինգ հարց. բացի տնօրենների խորհրդի նախագահի, նախագահի տե¬ղա¬կալի և քարտուղարի ընտրությունից, լսել են նաև 2015թ. 1-ին եռամսյակի բիզ¬նես-պլանի կատարման և ներդրումային ծրագրի կատարման հաշվետվությունները: Իսկ այն հանգամանքը, որ նիստերն անցկացվում են Մոսկվայում, պայմանավորված է նրանով, որ տնօրենների խորհրդի հինգ անդամներն էլ բնակվում են ՌԴ-ում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում վերընտրվել է Դմիտրի Վոլկովը, նախագահի տեղակալի պաշտոնում` Դմիտրի Պալունին, իսկ տնօրենների խորհրդի անդամներն են Անտոն Բադենկովը, Վլադիմիր Ալգանովը և Ալեքսանդր Պախոմովը:
«Արմենպրես»-ը ՀԷՑ-ի մամուլի խոսնակին հարցրել է, թե արդյոք այս օրերին, երբ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը գտնվել է Մոսկվայում, նրան տրամադրվե՞լ է տեղեկատվություն Հայաստանում տիրող իրավիճակի մասին: «ՀԷՑ-ի տնօրենը տեղյակ է այդ ամենից»,- ասել է Սարջանյանը:
Իսկ հարցին, թե վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում անցկացվող բողոքի ցույցերն ու Բաղրամյան պողոտայի նստացույցը ազդեցություն ունեցե՞լ են ընկերության դիրքորոշման վրա, ՀԷՑ-ի մամոիլի խոսնակն ասաց, որ ընկերությունը վաղուց է հայտնել իր դիրքորոշումը և այն անփոփոխ է: