Հիշում եմ և պահանջում 

Հուլիսի 8-12-ը Երևանում տեղի կունենա «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» 12-րդ համաժողովը

analitik.am

Հուլիսի 8-12-ը Երևանում տեղի կունենա «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» 12-րդ համաժողովը, որին մասնակցելու են 130 հոգի՝ շուրջ 3 տասնյակ երկրներից: Մասնակից երկրների աշխարհագրությունը շատ մեծ է:

Համաժողովին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ասաց, որ նախատեսված է, որ այս տարվա համաժողովին աննախադեպ շատ են լինելու Հայոց ցեղասպանությանը վերաբերող զեկույցները:

«Նախկինում լինում էին 4-5 զեկույցներ, այս տարի շուրջ երկու տասնյակի է հասնում այդ թիվը»,- տեղեկացրեց Հայկ Դեմոյանը՝ նշելով, որ ներկայացվող զեկույցները համեմատական վերլուծություն լինելով հանդերձ խիստ շահեկան են լինելու մեզ համար:

Ասուլիսին մասնակցում էի նաև «Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության» փոխնախագահ Դոնա-Լի Ֆրիզը, ով նաև համաժողովի կազմկոմիտեի նախագահն է:

Նա ասաց, թե աշխարհի տարբեր մասերից բազմաթիվ աշխատանքներ են ներկայացվել այս գործընթացին:

«Սա, թերևս ամենալավ ձևն է, որով մարդիկ կճանաչեն և կխոսեն ցեղասպանության մասին: Վերջին տարիներին մենք ունեցել ենք այս գործընթացի մասին բազմաթիվ աշխատություններ: Այսօր կան բազմաթիվ հետազոտություններ հենց Հայոց ցեղասպանության մասին և այս համաժողովը հենց դրա սկզբնակետն է»,- ասաց Դոնա-Լի Ֆրիզը:

 

Նույն շարքից