Տնտեսություն 

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետների հանդիպումը

Հուլիսի 9-ին Մոսկվայում ՌԴ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը:

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը եւ քննարկել երկու դաշնակից երկրների փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված  հարցերի լայն շրջանակ:  Երկուստեք կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի շարունակականությունը  եւ նոր նախագծերի իրականացումը: Կողմերն անհրաժեշտ են համարել ավելացնել ապրանքաշրջանառության ծավալները: Անդրադարձ  է կատարվել Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին: Վարչապետները քննարկել են  նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկու երկրների վարչապետները կարեւոր են համարել  Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցության զարգացումը:

Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը  քննարկել են  նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: ՀՀ եւ ՌԴ վարչապետները պայմանավորվել են շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին եւ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանն  առնչվող հարցերն ու ծրագրերը:

Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել են հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերի  հետագա ամրապնդման  ու զարգացման  հնարավորություններին առնչվող  բազմաթիվ հարցեր:

Նույն շարքից