ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, որ տեղին չի համարում «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանի դժգոհությունները կառավարությունից։
Նշենք, որ գիտնականը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, թե ՀՀ կառավարությունը խոչընդոտում է իր՝ արևային էներգիա արտադրող սարքի արտադրությունը,ամեն ինչ անում է այն փակուղու մեջ դնելու համար:
«Իշխանությունները չեն ցանկանում այս ծրագիրն իրականացնել, քանի որ այն, այսպես ասած` «կխփի» փոքր ՀԷԿ-երի, գազի և այլ էներգետիկ աղբյուրների գործին»,-նշել էր գիտնականը և պնդել, որ իր կողմից ստեղծած արևային էներգիա արտադրող սարքն իր տեխնիկատնտեսական ցուցանիշներով պարզապես հավասարը չունի աշխարհում, մոտ 100 անգամ ավելի էժան է գազի և էլեկտրաէներգիայի ստացված գներից:
Շարունակելով թեման Թամարա Բաբայանը հավելեց, թե որևէ մեկը չի արգելում գիտնականին իր սարքը վաճառել: «Այսինքն՝ խոչընդոտելու, աջակցության խնդիր չկա, ընդամենը շուկային պետք է տեղեկացնել պրոդուկտի վերաբերյալ և մենք տարբեր կոնֆերանսներ ենք արել և հնարավորություն ենք տվել իր պրոդուկտը ներկայացնել»,-ասաց նա:
Ըստ հիմնադրամի տնօրենի՝ խնդիրն իրացմանն է վերաբերում. «Ենթադրենք դուք ուզում եք բիզնես դնել ինչ-որ բան արտադրելու և կառավարությունը ասենք ձեզ չի աջակցում, բայց կոնկրետ ի՞նչ աջակցություն է ենթադրվում, դա էլ պարզ չէ»,-ասաց նա:
«Սարքավորումը պետք է ապահովի օրինակ հակահրդեհային անվտանգության կանոնները, և հատկապես այդ շենքերում ավելի խիստ են, քան մյուսներում»,- ասաց նա և հավելեց, թե սպառողի ընտրությունն է, իսկ իրենք տալիս են ընդամենը ինֆորմացիա: