Հիշում եմ և պահանջում 

Ս. Պանդալեոն բժշկի, Ս. Երմողեա քահանայի և Ս. Եվպրաքսիա կույսի հիշատակության օր

Ս. Պանդալեոնը և Ս. Երմողեա քահանան Նիկոմիդիայից էին, Մաքսիմիանոս կայսեր ժամանակակիցները: Քրիստոնյա մոր մահից հետո Ս. Պանդալեոնին դաստիարակել է հեթանոս հայրը: Նա նվիրվել է բժշկությանը` արժանանալով կայսեր բարեհաճ վերաբերմունքին: Աստծո նախախնամությամբ հանդիպել է Ս. Երմողեա քահանային, ով էլ նրան դաստիարակել է քրիստոնեական ոգով: Ս. Երմողեա քահանան մկրտել է Պանդալեոնին, և նա սկսել է պայքարել մեղքի, աղքատության և հիվանդության  դեմ: Երբ 303 թվականին սկսվում են քրիստոնյաների դեմ հալածանքները, Պանդալեոնին նախանձող բժիշկները նրան ամբաստանել են կայսեր առաջ: Նա չարչարանքների է ենթարկվել, բայց հրաշքով ազատվել է: Կայսրը տեղեկացել է, որ նրա դարձի պատճառը Երմողեա քահանան է, ուստի հրամայել է նախ նրան գլխատել, հետո Պանդալեոնին:
Ս. Եվպրաքսիան (381-411) Կ.Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ էր: Երբ Եվպրաքսիայի հայրը մահացել է, նա մոր հետ տեղափոխվել է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելել են Թեբայիդի կուսանոցները: Նա մոր քաջալերությամբ մտել է կուսանոց: Որոշ ժամանակ անց կայսրը նրան հրավիրել է մայրաքաղաք և առաջարկել ազնվական մի երիտասարդի հետ ամուսնանալ: Սակայն Եվպրաքսիան թախանձել է կայսրին` իրեն երկրավոր հարսնությունից ազատել: Կայսրը կատարել է նրա խնդրանքը, և կույսը շարունակել է իր վանական կյանքը: Ճգնողական կյանքով և աղոթքներով ապրող Ս. Եվպրաքսիան փառաբանվել է Տիրոջից` ստանալով հրաշագործության շնորհ: Նա Տիրոջ մոտ է փոխադրվել երեսուն տարեկանում, թաղվել վանքում` իր մոր կողքին:

Նույն շարքից