Հիշում եմ և պահանջում 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին հայագետների խոսքը պետք է առավել ծանրակշիռ դառնա. Գարեգին Բ

Մատենադարանում մեկնարկած «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության» (AIEA/ՀՈՒՄԸ) 13-րդ համաժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ողջույնի խոսքը փոխանցեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ նշելով, այսօր ընդլայնվել է հայագիտության ոլորտը՝ իր մեջ ընդգրկելով Ցեղասպանագիտության, սփյուռքագիտության և այլ բնագավառներ։ «Հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, հայագետների խոսքը պետք է առավել ծանրակշիռ դառնա»,-նշել է նա։

Եպիսկոպոսը փոխանցեց, որ կաթողիկոսը ջերմորեն ողջունում է նաև օտարերկրյա այն մասնագետներին, որոնք իրենց մասնակցություն են բերում հայագիտության զարգացման գործում։

«Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը նշանակալի է այն առումով, որ ընկերակցության գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենում Հայաստանում, ինչը լավ առիթ է եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար»,- իր ուղերձում նշել է կաթողիկոսը և հավելել, որ սա լավ հնարավորություն է փորձի փոխանակման, հիմնախնդիրների համատեղ վերլուծության համար։

Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքով՝ գլոբալիզացման դարաշրջանում ազգային ինքնության հարցը կենսական նշանակություն է ձեռք բերել. «Ուստի կարևոր է տարբեր քաղաքակրթությունների ու մշակույթների ուսումնասիրությունը ոչ միայն տվյալ մշակույթի կրողների կողմից, այլ ամբողջ աշխարհի։ Ուրախալի է գիտակցել, որ գիտաժողովը կոչված է աշխարհին ի ցույց դելու հայ գրավոր ժառանգության գանձարանը»։

Համաժողովին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը փոխանցեց Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով ի դեպ, Մատենադարանի կառավարման խորհրդի նորընծա նախագահն է։

«Ուրախ եմ, որ այս տարի Մատենադարանի տնօրենի նախաձեռնությամբ աշխարհի 20 երկրներ ներկայացնող ավելի քան 400 հայագետների միավորող ընկերակցության ներկայացուցիչները հավաքվել են համայն հայության և հայագիտության մայրաքաղաք Երևանում։ Կարծում եմ խորհրդանշական է, որ եվրոպական հայագիտության դեռևս 19-րդ դարից եկող փառավոր ավանդույթները շարունակող, աշխարհի նշանավոր համալսարանները ներկայացնող հետազոտողներին միավորող այս կառույցի առաջին հայաստանյան համաժողովը կազմակերպվում է հենց մաշտոցյան Մատենադարանում՝ ջերմ ու հայաշունչ հարկի տակ»,- իր ուղերձում նշում է Նախագահը։

Նույն շարքից