Համահայկական ամառային 6-րդ խաղերի խորհրդանիշն իր մեջ կամփոփի նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն արտահայտող տարր:
Խաղերի կոմիտեի նիստի ժամանակ առաջարկություն հնչեց կազմել ընդհանուր խումբ, որի անդամները լինեն նկարիչներ, ովքեր քննարկման ընթացքում կներկայացնեն իրենց գծապատկերները: «Որպես ուղղորդում` առաջարկում եմ ուշադրության կենտրոնում պահել փյունիկը: Սակայն նկարիչները իրենց մասնագիտական կարծիքը պետք է ասեն»,-կարծիք հայտնեց գործկոմի անդամ Հարություն Հարությունյանը:
«Ինչ խորհրդանիշ էլ ստեղծենք, ցանկալի կլինի, որ Ցեղասպանության խորհրդանիշ համարվող անմոռուկը ևս ընդգրկված կլինի որպես մասնիկ»,-ասաց գործկոմի անդամներից մեկը: Վերջնական որոշում կայացվեց մինչև հաջորդ տարի փետրվար ամիսը ընդունել խորհրդանիշի հետ կապված հայտեր: Որից հետո մասնագետները, ովքեր կկազմակերպեն բացման և փակման արարողությունը, իրենք էլ կզբաղվեն խորհրդանիշի վերջնական տեսքով: Խորհրդի նիստի ժամանակ հաստատվեց նաև 6-րդ խաղերի կանոնակարգը: