Հիշում եմ և պահանջում 

Արամ Ա Կաթողիկոսին ջերմորեն դիմավորել են Իրանում

analitik.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին Իրանում պաշտոնական դիմավորել են իրանահայ երեք թեմերը՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բաբկեն Եպս. Չարյանը, Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր Եպս. Չիֆթջյանը, ինչպես նաև Թեհրանի Հայոց թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարյանը, Իրանի խորհրդարանի երկու հայ պատգամվորները, Իրանում ՀՀ դեսպանը, Թեհրանի Հայոց թեմի պատգամավորական և թեմական խորհուրդների ներկայացուցիչները: 


Օդանավակայանից նրանք ուղևորվել են Ս. Սարգիս Առաջնորդանիստ Մայր եկեղեցի, Նորին Սրբությունն արժանացել է ժողովրդային ընդունելության և եկեղեցական դասի ու եկեղեցու երգչախմբի թափորի առաջնորդությամբ մուտք է գործել եկեղեցի` աղոթքի համար:


Ողջույնի և բարի գալստյան խոսք է ուղղել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանը: Նորին Սրբությունն իր հերթին ողջունել է թեմակալ երեք առաջնորդներին, ազգային իշխանություններին: Նա իրանահայ երեք թեմերի միասնական պատկերի մեջ տեսել է այն միութունը, որ պետք է արտահայտվի համայն հայության կյանքում, հատկապես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական օրերին: Նորին Սրբությունը շատ է կարևորել յուրաքանչյուր թեմի կառույցների, կազմակերպությունների և հայ անհատի մասնակցությունը հավաքական այս աշխատանքին: Ապա, իր խոսքն ուղղելով ժողովրդին, շեշտել է քրիստոնեական հավատքի կարևորությունը և նրա առանցքային դերը մեր ժողովրդի կյանքում:


Կրոնական աղոթքից հետո տեղի է ունեցել աջահամբույր: Բոլոր ներկաները ներկայացել են Վեհափառին և օրհնություն ստացել: Վեհափառ Հայրապետը ներկա է գտնվել Հայոց թեմի պատգամավորական ժողովին:


Վեհափառի այցելությունը Իրան կտևի 2 շաբաթ:

Նույն շարքից