Հիշում եմ և պահանջում 

Արամ Ա-ն Նոր Ջուղայում մասնակցել է Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350- ամյակի միջոցառմանը

analitik.am

Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը Նոր Ջուղա կատարած այցելության ժամանակ մասնակցել է ժողովրդային հանդիսության՝ նվիրված Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-ամյակին: Այս մասին տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:


Իր խոսքում Արամ Ա. Կաթողիկոսը հիշեցրել է. «Ազգեր են ապրում, գոյատևում և հավերժանում սրբազան արժեքներով և իրենց կյանքն են լցնում այդ արժեքներով»: Խոսելով հայ ժողովրդի մասին՝ Վեհափառ Հայրապետը նշել է. «Այսօր յուրաքանչյուր հայ իր կյանքում ունի չորս սրբազան արժեքներ, որոնք իմաստավորում են յուրաքանչյուր հայի և ամբողջ ազգի կյանքը: Այդ արժեքներն են եկեղեցին, հայրենիքը, մշակույթն ու պահանջատիրությունը»:


Ապա նորին սրբությունը յուրաքանչյուր արժեքին անդրադարձել է՝ շեշտելով նրա յուրահատուկ տեղը մեր ազգային կյանքում: Հատկապես պահանջատիրությունը լուսարձակի տակ առնելով` Վեհափառ Հայրապետն ընդգծել է. «Ինչպիսին էլ լինեն մեզ շրջապատող պայմանները, որտեղ էլ գտնվենք, որքան էլ տարիները մեզ հեռացնեն Հայոց ցեղասպանության թվականից, մենք պետք է մնանք պահանջատեր: Ճիշտ է, Հայաստանը, որպես պետություն, տարբեր ոճով ու շեշտով է մոտենում մեր պահանջատիրության, իսկ Սփյուռքը` տարբեր: Սակայն խորքն ու նպատակը նույն  է ու նույնը պետ քէ լինի: Ես մեր ժողովրդի թարգմանը լինելով` ասում եմ. մենք չենք կարող մոռանալ մեր նահատակների նվիրական կտակը, մեր ազգի ոտնահարված իրավունքները. ցեղասպանը ու միջազգային համայնքը պետք է միշտ իմանան, որ մեր ազգը պետք է շարունակի պահանջել իր ոտնահարված իրավունքները»:

Նույն շարքից