Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել:
Նաիրիտցիների բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինչպես գործարանում անցկացված նախորդ 2 աուդիտներն, այնպես էլ այս խորհրդարանական լսումները կրելու են զուտ ձևական բնույթ:
Նրա խոսքերով՝ եթե քննարկմանը ներկա չեն մասնագետները, ապա հարց է առաջանում, թե ո՞ւմ հետ են իշխանությունները քննարկումներ իրականացնելու և ո՞ւմ են ինչ ներկայացնելու:
Անդրադառնալով աշխատավարձերին՝ Ա. Հարությունյանը նշեց, որ մինչ այս պահը աշխատավարձ վճարվել է ընդամենը 400 հոգու: Նրա խոսքով, եթե հուլիսի 29-30-ին բոլոր նաիրիտցիների աշխատավարձերը վճարված չլինեն, իրենք անհնազանդության ցույցեր ու բողոքի ակցիաներ կկազմակերպեն: