Հիշում եմ և պահանջում 

ԱԳՆ-ն Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները կտարածի աշխարհի բազմաթիվ երկրներում

analitik.am

Հայաստանի կառավարությունը կթույլատրի Արտաքին գործերի նախարարությանն առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու ձեռք բերել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» գրքի 190 օրինակ անգլերեն և «Հայոց ցեղասպանության դատապարտումը օտարազգի դիվանագետների կողմից» գրքի 1000 օրինակ անգլերեն տպագրական աշխատանքներ: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում: Հիմնավորման համաձայն՝ գնման ընթացակարգի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքներն անհրաժեշտ է ձեռք բերել և բաշխել արտերկրում ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին մինչև 2015 թվականին նախատեսվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը:



«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման շրջանակներում օգտագործելու համար արտերկրում նախատեսվում են մի շարք միջոցառումների իրականացում: Այդ միջոցառումների հիմնական նպատակներից մեկը նստավայր երկրներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության մեծացումն է, որի համար կարևոր նշանակություն ունի աղբյուրագիտական հիմքի վրա գրված աշխատանքների տարածումը: Վերոնշյալ աշխատանքները, որոնք նախատեսվում է ձեռքբերել, հիմնվում են արժեքավոր աղբյուրների վրա: Մասնավորապես «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ» գիրքը ամբողջացնում է ցեղասպանության վերապրածների` ցեղասպանությունից կարճ ժամանակ անց տված վկայությունները: Իսկ «Հայոց ցեղասպանության դատապարտումը օտարազգի դիվանագետների կողմից» գիրքը պետք է ներառի շուրջ 30 երկրների դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնական հայտարարություններում, զեկույցներում, հուշագրություններում տեղ գտած դատապարտող հայտարարությունները»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Նույն շարքից