Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը դատապարտել է Դեր Զորի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ավերումը, հաղորդում է asbarez.com-ը:
Սուրբ Եղիշե եկեղեցի արքայազն Չարլզի այցն ուղղված է եղել Միջին Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայկական համայնքների հետապնդումների մասին միջազգային հանրության իրազեկման բարձրացմանը:
«Իսկապես ցավալի է լսել քրիստոնյաների և նրանց եկեղեցիների վրա հարձակումների մասին, ինչպես ավելի վաղ այս տարի Դեր Զորում հայկական եկեղեցու անիմաստ ու վայրագ ավերումն էր»,- ասել է արքայազն Չարլզը:
Նա, այնուհետ, իր գովասանքի խոսքերն է հղել դժբախտության դեմ ոտքի ելած հավատացյալներին: «Ես հիանում եմ մեզ բոլորիս համար հավատքի օրինակ ծառայող նման բարբարոսական հարձակման տակ գտնվող ձեր համայնքի հավատքով և քաջությամբ»,- ասել է նա:
Սիրիայի Դեյր էզ Զոր (կամ Դեր Զոր) քաղաքի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին վերջերս պայթեցվել է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից, այն գրեթե ամբողջությամբ վնասվել է:
1991թ.-ին կառուցված այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։