Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 20-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի: Հանդիպմանը ներկա է եղել նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին, անդրադարձել է ամուր հիմքերի վրա ձևավորված հայ-կիպրական եղբայրական ջերմ հարաբերություններին` ներշաղախված բարեկամության և գործակցության բազմօրինակ դրսևորումներով:
Նորին Սրբությունը նաև երախտագիտության խոսք է փոխանցել Կիպրոսի իշխանություններին ու ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման արդար գործում ունեցած ավանդի համար: Վեհափառ Հայրապետն այս առնչությամբ Յանակիս Օմիրուին տեղեկացրել է, որ օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովը որոշում է կայացրել Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման վերաբերյալ: Ներկայացվել են նաև 2015թ. Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի առիթով եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումները, որոնց ակնկալվում է Քույր եկեղեցիների ներկայացուցիչների` այդ թվում և Կիպրոսի արքեպիսկոպոս Քրիզոստոմ Բ-ի մասնակցությունը:
Հանդիպմանն իր երախտագիտության խոսքն է հայտնել Յանակիս Օմիրուն` փոխանցելով Նորին Սրբությանը Կիպրոսի ժողովրդի ողջույնները: Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը, մասնավորապես, անդրադարձ է կատարել հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների արդյունքում իր կողմից ստացված վառ ու անջնջելի տպավորություններին, խոսել է երկու ժողովուրդների անցած պատմական դժվարին ուղու ընդհանրությունների և Կիպրոսի կյանքում հայ համայնքի ունեցած կարևոր դերակատարության մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը խոսել են նաև երկու եղբայր ժողովուրդների առջև ծառացած մի շարք մարտահրավերների ու խնդիրների մասին, որոնք կարող են հաղթահարվել միջպետական և միջեկեղեցական կայուն համագործակցությամբ: