Հիշում եմ և պահանջում 

Ս. Կղեմես հայրապետի և Ս. Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակության օր

analitik.am

Ս. Կղեմես հայրապետն առաջինն է «Առաքելական հայրերի» շարքում, որոնց գրվածքներից տեղեկանում ենք մ.թ. 1-2-րդ դարերի քրիստոնյաների սովորույթների, կենցաղի, աստվածաբանության և եկեղեցական պատմության մասին: Ս. Կղեմեսը Հռոմում հանդիպում է Ս. Պետրոս առաքյալին, ում քարոզների շնորհիվ մկրտվում է, ձեռնադրվում և 92 թվականին դառնում Հռոմի եպիսկոպոսը: Նրա գրչին են պատկանում 85 կանոնները` հայտնի «Բ առաքելական կանոններ» կամ «Կղեմեսի կանոններ» անվանմամբ: «Հայսմավուրք»-ը քիչ տեղեկություններ է հայտնում  Ս. Կղեմեսի մասին: Նա հալածիչ Դոմետիանոս կայսեր առաջ քաջաբար խոստովանել է Քրիստոսի աստվածությունը: Նահատակվել է 98 թվականին: Ս. Կղեմեսի վզից քարեր են կախել և ծովը նետել: 
Ս. Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսը Սիլիկիայի լուսավորիչն է: Աշակերտել է  Ս. Պետրոս առաքյալին, ով էլ նրան ձեռնադրելով` ուղարկել է Սիլիկիա:  Նա դարձել է Տոռոմենա քաղաքի եպիսկոպոսը և իր քարոզչության շնորհիվ վերացրել կռապաշտությունը: Սակայն քաղաքի մեծատուններից մեկը, ով համոզված հեթանոս էր, մի օր,  Բագարատի առանձնական աղոթքի պահին, սրախողխող է արել նրան: Քաղաքապետը պատժել է չարագործին, իսկ սրբի մարմինը մեծ պատիվներով ամփոփել տապանի մեջ` «որպեսզի բարեխոս և օգնական լինի բոլորի համար»:
Հայ Առաքելական եկեղեցին Հռոմի Ս. Կղեմես Հայրապետի և Ս. Բագարատ Տոռոմենա եպիսկոպոսի հիշատակը տոնում է Հիսնակի առաջին կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Նույն շարքից