Մխիթարյաններն առանձնակի նախապատրաստական աշխատանքներ են տանում 2015 թվականի ապրիլին ընդառաջ: Այս մասին փոխանցում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, որը զանգահարել է Վենետիկˋ շնորհավորելու միաբանության և հայ կաթոլիկների Սուրբ Ծնունդն ու Ամանորը և զրույցի ընթացքում պարզեց, որ Սուրբ Ղազար կղզում բազմաբովանդակ միջոցառումներ են նախապատրաստվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Մասնավորապես, եկող տարի Հայաստանի կառավարությունը միաբանության հետ կնախապատրաստի Սուրբ Ղազար կղզում տարիներ շարունակ կազմակերպվող արվեստի միջազգային «Բիենալե» փառատոնի հայկական տաղավարը: Այս փառատոնի ժամանակ տարբեր երկրների արվեստագետները հատուկ տաղավարներում ներկայացնում են իրենց աշխատանքները: «Այս ամենին զուգահեռ կլինեն գիտաժողովներ, երաժշտական միջոցառումներ, լուսանկարների ցուցահանդես և մեկ-երկու հրատարակություն»,-մեզ հետ զրույցում հայտնեցՄիխիթարյան միաբանության հոգևոր այրերից Հայր Եղիան:
Իր ողջ ծավալով առաջին անգամ ցուցադրության կհանվի Վենետիկի, Վիեննայի Մխիթարյանների լուսանկարչական հավաքածուն: Այն ներառում է 1800-1927 թվականների լուսանկարներ և բաղկացած կլինի երեք բաժնիցˋ «Հայկական կենցաղ», «Հայակական հուշարձաններ» և «Եղեռն» թեմատիկայով: Հրատարակությունները նույնպես նվիրված են Ցեղասպանության 100-ամյակին, դրանցից առաջինում կընդգրկվեն ամերիկյան բոլոր թերթերի անդրադարձները Հայկական հարցին:
Գնահատելով անցնող տարին` Հայր Եղիան նշեց. «Միաբանությունն ազգի զավակն է: Ազգի ապրած ամեն տեսակ դժվարություններն անդրադառնում են նաև միաբանության վրա: Հալեպում, Լիբանանում միաբանությունը ծանր օրեր է ապրում, քանի որ համայնքները վատ վիճակում են: Հայ գաղութներում տիրող իրավիճակն անպայման իր դրական կամ բացասական ազդեցությունն է ունենում միաբանության վրա»:
«Աստված խաղաղ տարի թող պարգևի մեր ժողովրդին»,- զրույցի ավարտին հոգևոր հայրն իր ուղերձը հղեց հայ ժողովրդին: