ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի միջազգային իրավունքի ամբիոնին պատվիրել է ուսումնասիրել Ցեղասպանությունից տուժած հայերի կտակները: 2014 թվականի ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «2014-ին սփյուռքի հիմնախնդիրների վերաբերյալ նախարարության պատվերով ՀՀ ԳԱԱ ինստիտուտները, ԵՊՀ-ն և այլ գիտական կենտրոններ հետազոտություններ են իրականացրել, որոնց արդյունքներն ամփոփվել են 12 գրքերում: Ցեղասպանության հետ կապված պատվիրել են ԵՊՀ Եվրոպայի և միջազգային իրավունքի ամբիոնին ուսումնասիրել բոլոր հայերի կտակները: Դա շատ բարդ և կարևոր խնդիր է: Անհատական իրավունքների խնդիրը ավելի հեշտ է լուծել»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախարարության մյուս գործառույթներին` Հակոբյանը նշեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը ղեկավարելու է սփյուռքում տեղի ունեցող բոլոր միջոցառումները: Նրա խոսքով` սփյուռքում ստեղծվել է 62 հանձնաժողով, որոնց կազմակերպված միջոցառումները պետք է հստակեցվեն Սփյուռքի նախարարության հետ: «Ցանկացած միջոցառում բովանդակային առումով պետք է համաձայնեցվի»,- հավելեց նա: