Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC Australia) հայտարարել է #OnThisDay («Այս օրը») խորագրով սոցիալական մեդիաարշավի պաշտոնական մեկնարկի մասին:
Մեկ տարի տևողությամբ արշավը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին. դրա նպատակն է Ավստրալիայի հասարակությանն ավելի լավ ծանոթացնել 1915-1923թթ. ընթացքում տեղի ունեցած սարսափելի դեպքերին:
Ինչպես նշում է asbarez.com-ը, ժամանակին ավստրալական մեդիան Օսմանյան կայսրության ժամանակ հայերի սպանդի վերաբերյալ լուսաբանումներով համաշխարհային առաջատար է եղել:
Այժմ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հավաքել է ավստրալական արխիվներում պահվող բոլոր մեդիանյութերն ու Հայոց ցեղասպանությանն առնչվող ուշագրավ հրապարակումները, որպեսզի օրական մի նյութ հրապարակի ֆեյսբուքյան իր էջում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հրապարակվելիք նյութերը ժամանակին տպվել են այնպիսի հայտնի պարբերականներում, ինչպիսին են Sydney Morning Herald-ը, The Age-ը, The Argus-ը:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանն այս կապակցությամբ նշել է, որ «իրենք ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են անհավանական մեծ քանակությամբ հոդվածներ, որոնք պատմում են Հայոց ցեղասպանության սարսափների, ինչպես նաև այն ժամանակ Ավստրալիայի կողմից հայերին տրամադրված մարդասիրական մեծ օգնության մասին»: