Հիշում եմ և պահանջում 

Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է Բերիո թեմի և Հալեպի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդներին

analitik.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հունվարի 22-ին իր գրասենյակում ընդունել է Բերիո Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանին և Հալեպի Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ գերապայծառ Տ. Պետրոս Արք. Միրիաթյանին: Այս մասին տեղեկացրին Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից:


Հանդիպման ընթացքում լայնորեն քննարկվել են սիրիահայության դիմագրաված դժվարություններն ու մտագոհությունները: Հոգևոր հայրերը Վեհափառ Հայրապետին զեկուցել են վերջին ամիսների ընթացքում Շտապ օգնության մարմնի կատարած աշխատանքների մասին:


Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել հոգևոր առաջնորդների և համայնքային պատասխանատուների կողմից կատարվող միասնական աշխատանքը և նրանց հարատև ու նվիրված ճիգերն՝ օգտակար լինելու մեր ժողովրդի կարիքավոր զավակներին: Նորին Սրբությունը հանձնարարել է հրապարակային զեկույց ներկայացնել Շտապ օգնության մարմնի կատարած աշխատանքների մասին:


Արամ Ա. Կաթողիկոսն ուրախությամբ հայտնել է, որ շարունակվող անապահով պայմաններին հակառակ` ազգային եկեղեցական կյանքն աշխույժ ու կազմակերպված է: Նա հիշեցրել է հոգևոր հայրերին, որ Սիրիայի մեր պատմական գաղութի վերակազմակերպումը համահայկական ու հրամայական անհրաժեշտություն է: Նա նշել է, որ պետք է կառչած մնալ մեր գաղութին, և վերահաստատել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ամբողջական զորակացույթունը սիրիահայությանը:

Նույն շարքից