Հիշում եմ և պահանջում 

Ֆրանսիական պարբերականը ծավալուն հոդվածաշարով անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

analitik.am


Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի կապակցությամբ ֆրանսիական հեղինակավոր «l'Histoire» ամսագրի փետրվարյան համարը լույս է տեսել «Հայեր. 20-­րդ դարի առաջին ցեղասպանությունը» խորագիրը կրող 50 էջանոց ծավալուն հոդվածաշարով:

 



ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ ամսագրի էջերում տեղ են գտել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետազոտողների և պատմաբանների հեղինակած հոդվածներ, որոնք ուղեկցված են ինֆոգրաֆիկայով և փաստավավերագրական կադրերով:  

 

Ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Հարություն Գևորգյանի «Մի բնաջնջման սցենար» ծավալուն հոդվածը ներկայացնում է հայերի հանդեպ գործած ոճրագործության սցենարը` փաստական վերլուծության ենթարկելով մտահղացման, ծրագրման, հրամանի, դրա իրականացման փուլերը, արդյունքները, ինչպես նաև հայերի ջարդերի և տարհանման քարտեզը:

 

Ֆրանսիայի գիտահետազոտական ազգային կենտրոնի տնօրեն Ֆրանսուա Ժորժոնի հետ հարցազրույցում «l'Histoire»-ն անդրադառնում է նախքան Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում հայ համայնքին և դրա դերին: Իսկ հայտնի ցեղասպանագետ Իվ Տերնոնի հետ հարցազրույցը նվիրված է 20-րդ դարի կեսերից սկսած` սերունդներ անց Հայոց ցեղասպանության հիշատակի զարթոնքին:

 

Հոդվածաշարը պարունակում է այլ հոդվածներ` նվիրված աշխարհասփյուռ հայության ներկայիս պատկերին, Ժան Ժորեսի գլխավորությամբ Ֆրանսիայի հայասերների շարժմանը, ինչպես նաև վերջին տարիներին Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնող թուրք մտավորականներին` ներառելով նաև Թաներ Աքչամի «Ինչու՞ Թուրքիան չի բացում արխիվները» հոդվածը:

Նույն շարքից