Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Սիսի կաթողիկոսարանի հարցով թուրքական դատարան հայց կներկայացնի: Վեհափառի գնահատմամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի շարքում այս դատը եզակի տեղ է գրավելու: Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքում տեղի ունեցած Ազգային կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստում:«Դատական հայցի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայապատկան կալվածքների վերադարձի հարցի վրա՝ Ցեղասպանության համար հատուցման համատեքստում»,- ասել է Կիլիկիո կաթողիկոսը` նշելով, որ վերջին երեք տարիների ընթացքում հարցի վերաբերյալ մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային իրավունքի մասնագետների հետ:
Սիսի հայոց կաթողիկոսարանի վերադարձը պահանջելու և Թուրքիայի ՍԴ դիմելու մտադրության մասին Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջին անգամ հայտարարել է «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի բացմանը: «Եթե դատը շահենք, պատիվը և հաղթանակը կգնա մեր ժողովրդին, մեր հայրենիքն և եկեղեցուն: Իսկ եթե դատը պարտվենք, դարձյալ հաղթանակած կլինենք, որովհետև ցեղասպանին ու միջազգային հանրությանը գործնականորեն հիշեցրած կլինենք, որ հայ ժողովուրդը պահանջատեր է իր իրավունքներին` անկախ նրանից, թե քանի տարի է անցել Հայոց ցեղասպանությունից»,- ասել է նա: Հետագայում կաթողիկոսն իր հարցազրույցներում եւ հայտարարություններում բազմիցս նշել է, որ իրենց վերջնական նպատակը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարցի բարձրացումն է, քանի որ վստահ են, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանը կմերժի հայցը: