Մարտի 11-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության շենքի «Սանտոս» պալատի «Ֆլորենտինո» սրահում Ուրուգվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել իրավագետ, մարդու իրավունքների հարցերով մասնագետ Օսկար Լոպես Գոլդասարենայի «Հայկական մշակութային ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը մասնակցել են Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, կրթության և մշակույթի նախարար Մարիա Խուլիա Մունյոսը, Ուրուգվայի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, սենատորներ Ռաֆայել Միկելինին և Ռուբեն Մարտինեսը, դեսպաններ, ակադեմիական և գիտական շրջանակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի, ուրուգվահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, մարդու իրավունքների հարցերով ակտիվիստներ:
Իր ելույթում Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը անդրադարձել է մշակութային ժառանգությանը և դրա պահպանմանը` որպես ազգային ինքնության արտահայտչամիջոցի, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերին, որոնք կարգավորում են այդ ոլորտը:
Ըստ հեղինակի` մշակութային ցեղասպանությունը կարող է իրականացվել անկախ բնաջնջումից: Հայոց ցեղասպանությունից մեկ դար անց շարունակվում է մշակութային ցեղասպանությունը. շարունակվում են ոչնչացվել մշակութային կոթողներ և հուշարձաններ, որպեսզի վերացվի հայ ժողովրդի ներկայությունն ու հետքն այդ վայրերում: