Հիշում եմ և պահանջում 

Այլևս խոսում ենք հետևանքների հաղթահարման մասին. Ցեղասպանության 100-րդ տարելիցի կարևոր շեշտադրումը

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվության հիմնախնդիրները» թեմայով:


Պատմաբան Արմեն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին կարևոր շեշտադրումը հետևանքների հաղթահարումն է։ Իսկ հետևանքների հաղթահարումն ըստ նրա իրենք բաժանում են հինգ հիմնախնդիրների։

 

«Առաջինը դա հայրենազրկումն է, երկրորդը՝ պատմամշակութային ժառանգության ոչնչացումն է, որ տեղի է ունենում մինչ այսօր, երրորդը՝ մարդկային կորուստներն են, որոնք ազդել են մեր ժողովրդի հետագա կենսագործունեության վրա, չորրորդը՝ նյութական կորուստներն են, որոնք ուղեկցվել է թալանով և վերջինը՝ հոգեկան ձախողումներ են և հոգեբանական խնդիրները։ Այս հինգ ուղղություններով  պետք է աշխատանք տարվի»,- ասաց նա։

 

Քննարկմանը Ռուսաստանի հայերի միության կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը նշեց, թե իրենց նպատակն է քննարկել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության հնարավորությունը և դրան հասնելու գործնական ուղիները։


Նա մասնավորապես անդրադարձավ միջազգային իրավունքի մասնագետ պրոֆեսոր Յուրի Բարսեղովի «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» հիմնարար գիտական աշխատությանը։


«Յուրի Բարսեղովն աշխատություն է ներկայացրել մեզ, որտեղ ոչ միայն առկա է 65 երկրների արխիվներից  հավաքված փաստաթղթեր, այլ նաև մեկնաբանել է միջազգային իրավական տեսանկյունից հնարավորությունը»,- ասաց նա։


Նույն շարքից