Հիշում եմ և պահանջում 

Տարբեր կազմակերպություններ կոչ են արել Ապրիլի 24-ին հավաքվել Ստամբուլում՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

Եվրոպայի՝ ընդդեմ ռասիզմի կազմակերպությունը, Մարդու իրավունքների գրասենյակը, «ԴուրԴե» շարժումն ու Հայ բարեգործական ընդհանուր միությունն ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչելու համար բոլոր ցանկացողներին Թուրքիա են հրավիրում, տեղեկացնում է «Ակօս» թերթի կայքը:

 


#Remember24April1915 («1915-ի Ապրիլի 24-ը հիշիր») խորագրով սկսված ստորագրահավաքի տեքստում նշվում է, որ այդ ոգեկոչումներին կողմ հանդես եկող եվրոպացիները, հայերը, թուրքերն ու քրդերը բոլորին հրավիրում են Ստամբուլ՝ Ապրիլի 24-ին ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 


Ութ լեզուներով հրապարակված ստորագրահավաքի տեքստում ասվում է. «Ցեղասպանության ոգեկոչումը ոչ միայն թուրքերի ու հայերի, այլև ողջ աշխարհի հարցն է: Մեր օրերում Ցեղասպանության ժխտման դեմ պայքարողներից մեկն էլ Թուրքիայի հասարակության խիղճն է: Այս արշավն ուղղված է պայքարին, արդարությանն ու ժողովրդավարությանը»:

 


Նշվում է, որ այս արշավն արդարության որոնումն է և որ Ցեղասպանությունը Թուրքիայում հիշատակելը կարևոր է հատկապես երիտասարդների համար:

 


«Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում հիշատակելը բոլորիս, բայց հատկապես երիտասարդ սերունդների համար համատեղ ժողովրդավարական արժեքների շուրջ համախմբվելը, պատմական իրողություններին առերեսվելն ու միասին ավելի լավ ապագա կառուցելը հնարավոր կդարձնի: Այդ արժեքներն ու տեսակետը կիսող յուրաքանչյուրին հրավիրում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակը ապրիլի 24-ին Ստամբուլում հիշատակելու»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից