Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի մարզային կենտրոնի կամավորներն այս օրերին պլաստիկ կավից պատրաստում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկ» կրծքանշաններ։
100 օրինակից պատրաստված անմոռուկներն անվճար կբաժանվեն դպրոցականներին, երիտասարդներին։
Նախաձեռնությունը երիտասարդական հիմնադրամի Վայոց ձորի կենտրոնի կամավորներինն է։ Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կարևորում է արհեստների, նոր մասնագիտությունների ուսուցանումը երիտասարդների շրջանում՝ պարբերաբար կազմակերպելով անվճար դասընթացներ հատկապես անապահով ընտանիքների երիտասարդների համար:
ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի համակարգող Հասմիկ Մարգարյանը նկատում է, որ փորձը ցույց է տվել, որ նման դասընթացները մեծ պահանջարկ ունեն։ Անցյալ տարի կենտրոնն իրականացրեց պլաստիկ կավի անվճար դասընթաց, որի ընթացքում մասնակիցները սովորեցին պատրաստել տարբեր տեսակի զարդեր և հուշանվերներ: