Հիշում եմ և պահանջում 

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկմանը

Մարտի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի մասնակցությամբ Բեռնում տեղի է ունեցել «Մեծ Եղեռնից 100 տարի անց. Հայոց ցեղասպանության ժխտման հետևանքները» խորագրով քննարկում Շվեյցարիայի Դաշնային խորհրդարանի խորհրդարանականների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։



Քննարկմանը մասնակցել են Շվեյցարիայի խորհրդարանի զույգ պալատների` Պետությունների խորհրդի և Ազգային խորհրդի հայ-շվեյցարական բարեկամական խմբի համանախագահներ Ուելի Լյուենբերգերը, Դոմինիկ դը Բումանը, Հանս Ալթհերը, խորհրդարանական բոլոր չորս քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներ:

 

 

Հայոց ցեղասպանության վերաբերյալ պատմական և իրավական իրողությունների, Թուրքիայի ժխտողական քաղաքականության և դրա հետևանքների վերաբերյալ բանախոսությամբ հանդես է եկել ֆրանսահայ պատմաբան, Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի դասախոս Ռեյմոն Գևորգյանը:

 

 

Քննարկման ընթացքում շվեյցարացի խորհրդարանականները հանդես են եկել մի շարք հարցադրումներով, այդ թվում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, մասնավորապես` սիրիական և իրաքյան ճգնաժամերի համատեքստում Թուրքիայի դերի, մարդկության դեմ ուղղված ոճիրների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի, Ժնևում «Հիշողության լապտերներ» հուշակոթողի տեղադրման վերաբերյալ:



Քննարկման ավարտին մասնակիցներին ներկայացվեց Ռեյմոն Գևորգյանի և Իվ Տերնոնի համահեղինակած «Հայերի ցեղասպանության հուշակոթող» վերնագրով գիրքը:

Նույն շարքից