Թուրքական Կարմիր մահիկի նախագահ Ահմեթ Լյութֆի Աքարը հայտարարել է, որ հայկական լոբբին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հակաթուրքական գործունեություն է ծավալում, մինչդեռ իրենք Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասում իբր 100 հազար հայի օգնություն են բաժանել՝ հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական կայքը։
Լյութֆի Աքարը, որի կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ իսկապես որոշակի աջակցություն ցուցաբերում է տեղի հայությանը, խոսելով օգնության ծավալների մասին՝ անիրական թվեր է հնչեցրել. «Թե´ պետությունը, և թե´ մենք կանոնավոր կերպով աջակցում ենք հայերին։ 1915 թվականի իրադարձությունների 100-րդ տարելիցին ընդառաջ հայկական լոբբին աշխատում է Թուրքիայի դեմ, մինչդեռ մենք Գեդիքփաշայում 100 հազար հայի օգնություն ենք բաժանել»։
Հարկ է նշել, որ վերոնշյալ տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Ստամբուլում այսօր բնակվում է 50-60 հազար հայ, իսկ հայաստանցիների վերաբերյալ հստակ թիվ չկա։ Սակայն թուրք պաշտոնյաները մշտապես ուռճացնում են հայաստանցիների թիվը՝ քարոզչական նպատակներով։ Տեղին է հիշել տարիներ առաջ Թուրքիայի՝ դեռ այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե կարող է վտարել իր երկրից հայաստանցի 100 հազար անօրինական գաղթականների։