Ստամբուլի 34-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա Հայոց ցեղասպանության դրվագներից մեկը` գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական (աստվածաբանության դոկտոր), արևելագետ Յոհաննես Լեփսիուսի և Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի հանդիպումը քննության առնող «Homo Politicus» անվանումով կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան,գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվակայքի տեղեկացնում է, որ 20 րոպեանոց այդ ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը թուրքական հայտնի ամսագրերից մեկի` «Sanat ve Hayat»-ի գլխավոր խմբագիր, գրող Հաջը Օրմանն է: Ֆիլմը նկարագրում է Յոհաննես Լոփսիուսի` Հայոց ցեղասպանությունը դադարեցնելու նպատակով կատարած այցը Էնվեր փաշային և այն հիասթափությունը, որն ապրում է Լեփսիուսը նրա հետ հանդիպելուց հետո:
Ֆիլմում Լեփսիուսին մարմնավորում է գերմանացի դերասան Պետեր Վան Ստրոմբեքը, իսկ Էնվեր փաշային` գերմանաբնակ թուրք դերասան Մեհմեթ Յըլմազը:
Ֆիլմը դեռևս նախագծային փուլում Երևանում մրցանակի է արժանացել Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի կողմից: Ֆիլմում օգտագործվել են ականատեսների գրավոր վկայություններ գերմանական և ամերիկյան արխիվներից, ինչպես նաև հատվածներ Էնվերի ու Թալեաթի նամակագրությունից: