Կալիֆորնիական Օքլենդ քաղաքի նավահանգիստը հրաժարվել է երկարացնել ամերիկյան նախկին խորհրդարանական, ներկայում Թուրքիայի օգտին քարոզչություն անող Դիք Ջեֆարդտին պատկանող «Gephardt Government Affairs» լոբբիստական ընկերության հետ վեցանիշ պայմանագիրը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության նախկին առաջնորդ Դիք Ջեֆարդտը ներկայում գրանցված օտարերկրյա գործակալ է, որն աշխատում է Թուրքիայի համար, ինչպես նաեւ խոչընդոտում է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացին:
Փետրվարի 24-ին Հայ դատի հանձնախմբի տեղական կառույցը նամակ է ուղարկել Օքլենդի նոր քաղաքապետ Լիբբի Շաֆին՝ մտահոգություն հայտնելով Դիք Ջեֆարդտի հետ քաղաքի նավահանգստի կապերի առնչությամբ:
Նամակում քաղաքապետին ուղղված խնդրանք կա՝ դադարեցնել Օքլենդ քաղաքի եւ «Gephardt Government Affairs» ընկերության միջեւ կապը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ հայերին ներկայացնող կազմակերպությունների կոալիցիան ավելի քան 200 նամակ էր ուղարկել Հայոց ցեղասպանության ժխտման նպատակով Թուրքիայի համար աշխատող լոբբիստական հինգ ընկերություններին հետ համագործակցող ձեռնարկություններին, համալսարաններին եւ հասարակական կազմակերպություններին:
Նամակներում կոչ է արվում այդ ընկերություններին ստիպել դադարեցնել թուրքական կառավարության հետ պայմանագիրը՝ կապված Հայոց ցեղասպանության ժխտման ջանքերի ակտիվացման հետ: Եթե հրաժարվեն դադարեցնել Թուրքիայի հետ հարաբերությունները, ապա ամերիկյան ընկերություններին կոչ կարվի խզել նրանց հետ պայմանագրերը:
Ավելի վաղ Գեպհարդ ընկերության հետ համագործակցությունը դադարեցրել էր LAWA (Los Angeles World Airport) ընկերությունը՝ խզելով 845,000 դոլարի պայմանագիրը: Գեպհարդի են պատկանում Government Affairs, Dickstein Shapiro, Greenberg Traurig, Alpaytac and LB International ընկերությունները, որոնք բոլորն աջակցում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Այս ընկերությունների հաճախորդներն են PepsiCo-ն, TIME Inc.-ն, Amazon.com Inc.-ը and Chrysler-ը: