«Նաիրիտ» գործարանի մամուլի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ շուտով դիմելու է դատարան՝ նաիրիտցիների դեմ «շանտաժ» իրականացնելու հայցով։ Վերջինս նշեց, որ իրենց պարտադրել են աշխատավարձերը ստանալու համար պայմանագիր կնքել «Նաիրիտ 2» ընկերության հետ՝ հրաժարվելով տույժ-տուգանքներից։
«Մեզ առաջարկվեց կնքել պայմանագիր ու հրաժարվել տույժ-տուգանքներից, այսինքն՝ ստանալ միայն մայր գումարը, իսկ եթե ոչ կարող ենք դիմել դատարան։ Բոլոր նրանք, ովքեր դիմել են դատարան և դատարանը հայցը բավարարել է, այսինքն՝ գործարանին պարտադրել է վճարել նաև տույժ-տուգանքները, նրանց ևս ասվել է՝ աշխատավարձ ստանալու համար, պետք է հրաժարվեք տույժ տուգանքներից։ Այսինքն՝ դատարանի որոշումը չի կատարվել, ինչը ես շանտաժ եմ համարում մեր նկատմամբ ու պարտադրանք»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ ամբողջությամբ մարվել է գործարանի բոլոր աշխատողների աշխատավարձերի պարտքը՝ 12 մլն դոլար։
Անուշ Հարությունյանը պատասխանելով հարցին, թե ով է իրենց շանտաժի ենթարկել, պատասխանեց. «Նա ով վճարել է աշխատավարձերը»։