Կառավարությունում այսօր խորհրդակցություն է անցկացվել Հայաստանում ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման գործընթացի մասին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ անցկացված հավաքին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների եւ մթերող ձեռնարկությունների ղեկավարները: Այս մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով, սպասվում է շուրջ 280 հազար տոննա խաղողի համախառն բերք, որից պետք է մթերվի 196 հազար տոննա, սակայն պահանջարկը 160 հազար է: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կարեւորում է խաղողի մթերման գործընթացի ժամանակին ու սահուն կազմակերպումը եւ պատրաստ է աջակցել վերամշակող ընկերություններին՝ խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը լուծելու համար:
«Այսօր մեկ հարց ունենք օրակարգում՝ խաղողի մթերման սեզոնի նախապատրաստական աշխատանքները: Կցանկանայի նաեւ ձեզանից լսել՝ մենք ի՞նչ գործիքներ օգտագործենք, ի՞նչ աջակցություն կարող ենք ցուցաբերել, որպեսզի կարողանանք բերքը մեր գյուղացիներից հավաքել»,- ասել է կառավարության ղեկավարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էլ զեկուցել է 2015 թվականին խաղողի մթերման գործընթացի մասին եւ ներկայացրել վերամշակող ձեռնարկությունների հետ նախնական քննարկման արդյունքները: Նախարարի խոսքով, խաղողի լրացուցիչ քանակության մթերման նպատակով վերամշակողները հիմնականում բարձրացրել են շրջանառու միջոցների համալրման համար վարկային միջոցների տրամադրման հարցը: Անդրադարձ է եղել վարկային միջոցների տրամադրման պայմաններին, ոռոգման գործընթացի կազմակերպմանը վերաբերող եւ այլ հարցերի: «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանի տեղեկացմամբ, վարկավորումն իրականացվում է 5 տարի մարման ժամկետով, իսկ վարկի մարման արտոնյալ ժամկետը մինչեւ մեկ տարի է:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետն ընդգծել է, որ գործադիրը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղողի բերքը չմնա գյուղացու մոտ, եւ վերամշակող գործարաններն ընդունեն այն: Հովիկ Աբրահամյանը նշել է նաեւ, որ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ կքննարկի եւ հետամուտ կլինի ֆինանսական ռեսուրսի տրամադրման հարցի լուծմանը: