Սպորտ 

Մեր երկրի 10 մարզիկներից պայքարը շարունակում են չորսը

Բուլղարիայի Սամոկով քաղաքում օրավուր նոսրանում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մասնակիցների քանակը:

Երեկ` օգոստոսի 11-ին երեկոյան մրցահերթում Հայաստանի պատվիրակներից ռինգ ելավ սևանցի Սամվել Բարսեղյանը (60 կգ): Խորվաթիայի պատվիրակ Մաթեո Կոմադինայի դեմ մենամարտում Սամվելը հստակ առավելություն դրսևորեց երկրորդ ռաունդում: Մյուս երկուսում ուժերը գրեթե հավասարազոր էին: Բայց մրցավարները նախապատվությունը տվեցին խորվաթին:

Մեր երկրի 10 մարզիկներից պայքարը շարունակում են չորսը: Քառյակն այսօր ռինգ կելնի և քառորդ եզրափակչում կձգտի հաղթել ու մտնել կիսաեզրափակիչ: Հաջողության պարագայում նրանք իրենց համար կապահովեն առնվազն բրոնզե մեդալ և աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք: Արամ Ավագյանի մրցակիցը ռումինացի Նիկալաե Անդրեանան է (56 կգ), Հովհաննես Բաչկովինը` լիտվացի Էվալդաս Պետրաուսկասը (64 կգ), Արման Հովիկյանինը` վրացի Զալա Կվաչաձեն (75 կգ) և Կորյուն Սողոմոնյանինը` Անգլիայի ներկայացուցիչ Ալի Մուհամադը (52 կգ): Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Նույն շարքից