Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) խորհրդակցություններ են սկսվել՝ ուսումնասիրելու համար էլեկտրաէներգիայի նոր սակագնի հիմնավորման առկայության հարցը: Այս մասին օգոստոսի 17-ին «Բազե 2015» համահայկական երիտասարդական հավաքի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Այսօր այդ հարցը քննարկել ենք նաեւ հանրապետության նախագահի հետ: Օրենքը մեզ թույլ չի տալիս Հանձնաժողովում աուդիտ անցկացնել: Բայց մեզ համար կարեւոր է էլեկտրաէներգիայի սակագնի հարցը: Մենք պետք է հիմնավորում ունենանք: Կարծում եմ՝ 2-3 ամսվա ընթացքում կավարտենք խորհրդակցությունները, ինչից հետո նախագահի հետ կքննարկենք հարցը եւ Կառավարության մոտեցումը կներկայացնենք նաեւ հանրությանը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետի խոսքով, կառավարությունը հետեւողական է լինելու այդ հարցում եւ փորձելու է օգնել քաղաքացիներին, այնպես անել, որպեսզի լրացուցիչ բեռ չավելանա նպաստ ստացող ընտանիքների համար: «Մինչեւ աուդիտի ավարտը խոշոր բիզնեսը սուբսիդավորելը, կարծում եմ, ճիշտ չէ: Կառավարությունը պարտավոր չէ դա անել, բայց բնակչության էլեկտրաէներգիայի ծախսը, ինչպես նախագահն ասաց, կստանձնի Կառավարությունը: Եվ մենք դա կանենք արտաբյուջետային միջոցների՝ Որոտանի կասկադ-ՀԷԿ-ի վաճառքի հաշվին: Իսկ խորհրդակցությունների ավարտից հետո արդեն հետագա գործողությունների շուրջ որոշում կկայացնենք»,- հավելեց Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով, ոչ մի վարչապետ կամ նախագահ չի ցանկանում որեւէ ապրանքի գնի բարձրացում: «Մենք հասկանում ենք, որ դա քաղաքացիների դժգոհությունը կառաջացնի: Բայց հարցն այն է, մենք ցանկանում ենք էլեկտրաէներգիա ունենալ 24 ժամ, թե՞ 2-4 ժամ: Եթե ռուսական ընկերությունը թալան է եղել, ապա աուդիտը կպարզի դա, եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Դա Հայաստանի իշխանությունների հետ ոչ մի կապ չունի: Մենք չենք ցանկանում մեր ժողովրդի թշնամին դառնալ»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ եթե թանկացումը հիմնավորված չէ, ապա սակագները կփոխվեն: