Հիշում եմ և պահանջում 

«Քամփ Արմեն»-ի համար պայքարող երիտասարդներն իրենց աջակցելու կոչ են արել

analitik.am

Ստամբուլի հայկական Թուզլա ճամբարը (Քամփ Արմէն), որը կառուցվել է Արևմտյան Հայաստանի տարբեր անկյուններից Կ. Պոլիս բերված հայ որբերի կողմից, ավելի քան 100 օր է, ինչ իր շուրջն է համախմբել Թուրքիայի հայ երիտասարդությանը: «Քամփ Արմեն»-ի պահպանման համար պայքար մղող հայ երիտասարդներն այսօր, ինչպես երբևէ, կարիքն ունեն համայն հայության աջակցության:

 

Ըստ լրատվամիջոցի, ճամբարի փրկության համար 3 ամսից ավելի պայքարող ակտիվիստները ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ աշխարհի հայության աջակցության կարիքն ունեն: Ներկայումս մանկատուն-ճամբարը կործանումից պաշտպանող հայ երիտասարդներն ահազանգում են. իրենց սուղ միջոցներով երկար չեն կարող դիմադրել:

«Քամփ Արմեն»ի դիմադրության 100-րդ օրը թուրք ազգայնականների կողմից հարձակում էր իրականացվել ճամբարում հերթապահող հայ երիտասարդների վրա, ինչի հետևանքով երկուսը վիրավորել էին:

Արդեն 110 օր շարունակ ճամբարում հերթապահություն իրականացնող հայ երիտասարդները ցանկանում են իրենց ձայնը լսելի դարձնել ամբողջ աշխարհով և հայտնում, որ այլևս չեն կարող միայնակ պայքարել.

«Առաջինն ինչ մեզ անհրաժեշտ է, դա հոգևոր աջակցությունն է: Երկրորդը՝ նյութական: Թուզլա ճամբարի դիմադրության առաջին օրվանից այստեղ եմ: Սնունդն ու ջուրը մեր գրպանից ենք առնում: Արջևում ձմեռ է, պետք կլինեն ծածկոցներ և վերմակներ:

«Քամփ Արմէն»-ն ինձ համար Ցեղասպանությունից մեր օրեր ձգվող մի կամուրջ է, և հարյուր տարի ընդմիջումից հետո մեր առաջին դիմադրությունն այս երկրում»,-ասել է ակտիվիստներից Սարին Քորքմազը:

 

«Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է: Ներկայումս ավերակի վերածված շինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառային ճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «ՔամփԱրմենը» 1961 թվականին գնվել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառային ճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնի է, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը: Հետագայում ճամբարը թուրքական իշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից:

2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջ նախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայն կարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալ միջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապես հնարավոր եղավ դադարեցնել: Ճամբարի ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով «Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահությունն ընթանում է արդեն 110 օր:

Աղբյոևրը՝ panorama.am

Նույն շարքից