Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն էր «Հելիո տեխնիկա» լաբորատորիայի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Ժոզեֆ Փանոսյանը:
«Հելիո տեխնիկա», լաբորատորիան զբաղվում է արևային մարտկոցների արտադրությամբ, ինչպես նաև արևային էներգիայի օգտագործման տեխնոլոգիաների մշակմամբ: Փանոսյանը նշեց, որ մինչև վերջին երկու տարին նրանք արտադրում էին արևային մարտկոցներ, սակայն այժմ հնարավորություն չկա դրանք արտադրելու, քանզի ավելացված արժեքի հարկը վճարելու պարագայում այլևս դրանց արտադրությունը ՀՀ-ում ձեռնտու չէ: Արևային մարտկոցների պատրաստման համար անհրաժեշտ նյութերը հիմնականում ներմուծվում են, ուստի պետք է պետական աջակցություն, որպեսզի Հայաստանում դրանց արտադրությունը ձեռնտու լինի. «Այժմ Չինաստանից և Թուրքիայից են ներմուծվում արևային մարտկոցներ, ինչին ես անձամբ դեմ եմ, քանզի այստեղ մենք կարողանում էին հաջողությամբ դրանք արտադրել և տեղադրել: Մենք համագործակցել են մի շարք կառույցների հետ՝ Ամերիկյան համալսարան և այլն, որոնք օգտագործում են արևային էներգիան: Բազմաթիվ անգամներ դիմել ենք պետական կառույցներին, սակայն նրանք ոչ միայն անտարբեր են, այլ նաև, կարծես թե, չեն ուզում, որ այլընտրանքային էներգիան զարգանա ՀՀ-ում: Նախկին էներգետիկայի նախարարը կտրականապես դեմ էր արևային էներգիայի կիրառմանը, նոր նախարարը կարծես թե դեմ չէ, սակայն կոնկրետ քայլեր դեռ չկան »:
Հարցին, թե ինչքանով է ձեռնտու Հայաստանում արևային էներգիայի կիրառումը, Փանոսյանը պատասխանեց, որ Հայաստանում կան բոլոր նախադրյալներն արևային էներգիան օգտագործելու համար: Նա նաև նշեց, որ շատ կարևոր է էներգոխնայողությունը, ինչի շուրջ այս պահին աշխատում է իրենց լաբորոտորիան՝ ստեղծելով «խելոք ապակիներ», որոնք կարողանում են ջերմությունը պահել տարածքում և էներգիայի ավելորդ կորուստ թույլ չտալ:
«Ձեռնտու է գործարաններին, արտադրություններին, որոնք կատարելով մեկանգամյա ծախս, կրճատում են իրենց ամսեկան ծախսերը երկարատև ժամանակում: Արևային էներգիայի անցումը բավականին նպաստավոր կլինի Հայաստանի համար՝ նաև անվտանգության տեսանկյունից, սակայն մեր պետական կառույցները որևէ քայլ այդ ուղղությամբ չեն անում, գուցե չեն ցանկանում, չեմ կարող ասել»:
Նշենք, որ ներկայիս պայմաններում արևային և ատոմային էներգիան գնային առումով գրեթե հավասարվել են՝ մի տարբերությամբ , որ արևային էներգիան շատ ավելի անվտանգ է ու մեկանգամյա ներդրում անելով ասպահովվում է երկարաժամկետ անվճար էներգիայի մատակարարում: