Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Սեպտեմբերին կարտոֆիլի գինը կիջնի. գյուղնախարարություն

analitik.am

Կարտոֆիլի սպասվող բերքի և ներկայիս գների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն բավարարվում է ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլև հնարավորություններ են ստեղծվում արտահանումների համար։ Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին։

Արարատյան հարթավայրում մշակվում են կարտոֆիլի վաղահաս սորտեր, որոնց բերքահավաքը սկսվում է ապրիլ ամսից և ավարտվում հուլիսին։

Հանրապետության բարձրադիր գոտում հիմնականում մշակվում են ուշահաս սորտեր, որոնց մասսայական բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսերից, իսկ նույն գոտու համեմատությամբ ցածրադիր հատվածներում մշակվող միջահաս և միջաուշահաս սորտերի բերքահավաքն արդեն մեկնարկել է։

Ստացվում է այսպես, որ ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում, սեզոնայնությամբ պայմանավորված, խաթարվում է շուկայում կարտոֆիլի բավարար մատակարարումը, որն էլ հանգեցնում է ժամանակավոր գնաճի։

Վստահեցնում ենք հանրապետության սպառողներին, որ մինչև սեպտեմբեր ամսվա առաջին կեսը շուկայում աստիճանաբար կդիտվի կարտոֆիլի գնանկում, իսկ ամսվա վերջում գինը կհավասարվի նախորդ տարիների մակարդակին։

Նախարարությունը վերահսկում է իրավիճակը և հավաստիացնում , որ առաջիկայում արդեն կարտոֆիլի շուկայում կդիտվեն դրական փոփոխություններ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Նույն շարքից