Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Հայաստան է ներկրվել աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացու

analitik.am

Հայաստան է ներկրվել 40 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային սերմացուի խմբաքանակ։ Սերմացուն ներկրվել է «Հայաստանի Հանրապետությունում ցորենի սերմնաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում Ռուսաստանի Դաշնությունից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից:

ՀՀ գյուղատնտեսությանն նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Մասիսում գտնվող պահեստ եւ անձամբ հետեւել աշնանացան ցորենի սերմացուի բեռնաթափման եւ բաշխման  գործընթացին:

Ներկրված սերմացուն հատկացվելու է Շիրակի, Լոռու, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի ցորենի սերմնաբուծությամբ զբաղվող այն ֆերմերներին, որոնք նախկինում ընդգրկված են եղել նշված ծրագրում եւ ունեն յոթ եւ ավելի հեկտար ջրովի վարելահողեր: Ներկրված սերմացուից ակնկալվում է ստանալ մեկ հեկտարից նվազագույնը 50 ցենտներ ցորենի բերք: Սերմացուի մի մասը կտրամադրվի «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ին:

Սերմացուն տրամադրվել է շահառուներին 2015 թվականի աշնանացանի աշխատանքները ժամանակին կատարելու, ցանքատարածությունների ու համախառն բերքի ծավալների եւ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացման նպատակով:

Նախարարը հավելել է, որ ընթացիկ տարում աշնանացան ցորենի պահանջարկը մարզերի կողմից կազմում է 3 875 տոննա:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Մանուկյանը զեկուցել է նախարարին, որ ծրագրով նախատեսված է հանրապետություն ներկրել 1509 տոննա առաջին վերարտադրության եւ 40 տոննա սուպերէլիտար սերմեր, որից օգոստոսի 31-ի դրությամբ արդեն ներմուծվել է 1300 տոննա առաջին վերարտադրության եւ 40 տոննա սուպերէլիտար սերմեր: Մնացած խմբաքանակը հանրապետություն կժամանի մինչեւ սեպտեմբերի 8-ը:

Նույն շարքից