ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՌԴ էներգետիկայի նախարարությունը համաձայնեցրել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործունեության աուդիտի անցկացման Տեխնիկական առաջադրանքը: Այս մասին հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` նշելով, որ տեխնիկական առաջադրանքը նպատակաուղղված է ստանալ անկախ միջազգային հեղինակություն վայելող խորհրդատվական կազմակերպության կարծիքը հետևյալ երեք խնդիրների վերաբերյալ.
«Առաջին խնդիրը՝ ընկերության 2009-2014թթ ծախսերի հիմնավորվածության մասին եզրակացությունն է, առևտրային և տեխնոլոգիական կորուստների մակարդակի ուսումնասիրությունը, երկրորդ խնդիրը՝ իրականացված ներդրումային ծրագրերի արդյունավետության, ինչպես նաև անշարժ գույքի և ավտոտրանսպորտային միջոցների վարձակալության վճարների հիմնավորվածության ուսումնասիրությունն է, երրորդ խնդիրը՝ ընկերության կառավարման գործողությունների արդյունավետության գնահատումն է»,– ասվում է նախարարության արածած հաղորդագրությունում