Սպորտ 

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումներին

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Եվրո-2016-ի ընտրական փուլի Սերբիայի (սպետեմբերի 4) ու Դանիայի (սեպտեմբերի 7) հետ հանդիպումներին: Armsport.am-ը ներկայացնում է, թե ինչպիսի մարզավիճակում են ֆուտբոլիստները ժամանել հավաքականի ճամբար՝ վերլուծելով իրենց ակումբներում անցկացրած վերջին 3 խաղերը:

Դարպասապահներ

Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Այժմ մեր ընտրանու առաջին համարը դարձել է Գևորգ Կասպարովը, ով հաջողությամբ հանդես է գալիս «Ալաշկերտում»:

Ազգային ընտրանու մյուս 2 դարպասապահները նույնպես հանդես են գալիս Բարձրագույն խմբում, բայց եթե Արսեն Բեգլարյանը վերջին 3 խաղերում հանդես է եկել առանց փոխարինման, ապա Գևորգ Պրազյանն «Արարատի» մարզչի որոշմամբ մեկ խաղ բաց է թողել:

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյանը, ով ներկայիս հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն է, ընթացիկ մրցաշրջանում «Ամկարի» կազմում միայն 1 հանդիպման է մասնակցել ՝ խաղադաշտում 75 րոպե անցկացնելով «Սպարտակի» հետ մրցավեճում:

Ոչ պակաս փորձառու Հրայր Մկոյանը հանդիսանում է Թեհրանի «Էսթեղլալի» հիմնական պաշտպանը, սակայն իր թիմի վերջին խաղում մարզչիը նրան թողել է պահեստայինների նստարանին խաղադաշտ դուրս բերելով միայն ավելացված ժամանակում:

Իսկ, ահա Գաել Անդոնյանը, կրկին սկսել է խաղալ «Մարսելի» 2-րդ թիմում, որը ելույթ է ունենում Ֆրանիսայի 4-րդ լիգայում: Գաելը խաղադաշտ է դուրս եկել վերջին երկու հանդիպումներում և կատարել է իր թիմի ավագի պարտականությունները:

Հովհաննես Համբարձումյանը կայուն խաղում է մակեդոնական «Վարդարի» կազմում: Նույնը կարելի է ասել «Փյունիկը» ներկայացնող այն 4 պաշտպանների մասին, ովքեր հավաքական են հրավիրվել: Նշենք միայն, որ Կամո Հովհաննիսյանը երևանյան թիմում խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում և հաճախ անհատական անցումներից հետո դառնում է գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ:

Կիսապաշտպաններ

Ազգային ընտրանի հրավիրված գրեթե բոլոր կիսապաշտպանները կայուն խաղաժամանակ ունեն: Հատկապես պետք է առանձնացնել Հենրիխ Մխիթարյանի հավաքած հիասքանչ մարզավիճակը: Նա Դորտմունդի Բորուսիայի վերջին հանդիպումներում առանց արդյունավետ գործողության խաղադաշտից չի հեռանում: Երբեմն Թոմաս Տուխելը փոխարինում է Հենրիխին, բայց նրա համար, որ նրան հանգիստ տա կամ զերծ պահի վնասվածքներից:

 

Գևորգ Ղազարյանն իր նոր թիմի կազմում 90-ական րոպե մասնակցում է խաղերին, ինչը չես ասի Մարկոս Պիզելիի մասին, ով հաճախ փոխարինվում է:

Ուրախալի է, որ երկար ընդմիջումից հետո Կառլեն Մկրտչյանը կրկին սկսել է հանդես գալ «Անժիի» կազմում: Նորայր Ասլանյանը մի պահ կորցրել էր տեղն «Ալմերե Սիթիի» մեկնարկային կազմում, բայց վերջին խաղն ամբողջությամբ է անցկացրել:

Միայն Արազ Օզբիլիսն ու Արտյոմ Սիմոնյանն են քիչ խաղային րոպեներ ստանում: Բայց եթե վերջինս «Ցյուրիխի» յուրաքանչյուր մրցավեճում խաղադաշտ դուրս է գալիս, ապա Արազն ընթացիկ մրցաշրջանում «Սպարտակի» կազմում միայն 17 րոպե է անցկացրել:

Հարձակվողներ

Էդգար Մանուչարյանի ստացած վնասվածքի պատճառով հավաքական է հրավիրվել երիտասարդ Վարդան Պողոսյանը, ով այս ամռանը «Կուբանից» տեղափոխվել է «Փյունիկ»:

Պողոսյանն արագորեն նվաճել է մեկնարկային կազմում խաղալու իրավունքը, բայց գրեթե միշտ փոխարինվում է երկրորդ խաղակեսի միջնամասում: Մրցաշրջանի մեկնարկում հարձակվողը 2 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասները:

Յուրա Մովսիսյանն գոլերով է ապացուցում իր խաղամակարդակը, ինչ հետևանքով, չնայած կաբովերդեցի Զե Լուիշի հետ մրցակցությանը, հենց նա է համարվում «Սպարտակի» հիմնական հարձակվողը: Հատկանշական է, որ վերջին խաղերում այդ 2 ֆուտբոլիստները միասին ընդգրկված են եղել մոսկվացիների մեկնարկային կազմում:

«Լուչ Էներգիա» վերադրձած Ռուսլան Կորյանը նույնպես հաճախ է գոլեր խփում, այդ թվում տուգանայինից կատարած հարվածներով: Իր թիմի վերջին գավաթային հանդիպումը նա բաց է թողել, քանզի արդեն մեկնելիս է եղել հավաքականի ճամբար:

Նույն շարքից