Տնտեսություն 

Իմացեք, որ սուպերմարկետներում այդպիսի օյիններ են խաղում. Մելիտա Հակոբյան

Սուպերմարկետների դրամարկղերում տեղի ունեցող խարդախությունների և չարաշահումների մասին այսօր հրավիրված ասուլիսին բարձրաձայնեց «Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը: Նա նշեց, որ ներկայացվում է մեկ գին, իսկ դրամարկղում գանձվում մեկ այլ գին:

Մելիտա Հակոբյանը նշեց, որ ամբողջ տարվա ընթացքում սուպերմարկետներից  դժգոհություններ են ստացել, 2252 զանգ և փորձել հավաստիությունը ճշգրտել սեփական օրինակով: Նա չնայած խուսափեց նշել կոնկրետ, որ սուպերմարկետում է խարդախություններ արվում, նշեց, թե բոլոր տեղերում էլ կա, մի տեղ ավելի, մի տեղ պակաս:

«18 000-ի ապրանք ենք գնել և 560 դրամ տարբերություն եղավ: Ձուն 900 դրամ էր, իսկ գրվում էր 950 դրամ»,- ասաց նա և նշեց, որ երբ պահանջել է բացատրություն, մի դեպքում ասել են, թե գնապիտակները փոխել ենք և չենք հասցրել անցկացնել: Մյուս դեպքում էլ ասել են, որ գոյություն ունի հավատարիմ սպառող և ոչ հավատարիմ սպառող, հավատարիմներին այլ գին են առաջարկում:

«Ամեն պատճառ կարող են բերել տակից դուրս գալու համար: Իմացեք, որ սուպերմարկետներում այդպիսի օյիններ են խաղում»,- ասաց նա և նշեց, որ իհարկե իր դեպքում գումարը վերադարձրել են:

Մելիտա Հակոբյանը նշեց, որ սա արդեն հարկային մարմինների գործն է: «Օրենքով պատիժ, իհարկե, հասնում է, խաբում են սպառողին»,- ասաց նա: Իսկ թե ինչ պատիժ է հասնում, նշեց, թե որպես վարչական իրավախախտում՝ տուգանք կլինի:

«Ինչ եմ խնդրում բոլոր սպառողներին՝ աչալուրջ լինել, նեղություն քաշեն, գինը նայեն, թղթի վրա ֆիքսեն և մոտենալուց գումարեն, և եթե ավել է ՝ չվճարեն»,- ասաց նա:

Նույն շարքից