Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանն ու Բաքուն աշխատանքներ են տանում առևտրային կապերի խորացման ուղղությամբ՝ հետևելով հուլիսի 14-ին Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված միջուկային համաձայնագրի իրագործման ընթացքին։
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը։ Նրա խոսքերով՝ միջուկային համաձայնագրից հետո պայմաններ են ստեղծվել երկկողմ կապերի խորացման համար։ Նա հայտարարել է, որ իրանցի ու ադրբեջանցի գործարարները երեկ հանդիպել են Բաքվում, քննարկել են առևտրային կապերի հետագա խորացման ճանապարհին ընկած խոչընդոտների վերացման հարցը։
Դեսպանն իրանցի առևտրականներին կոչ է արել ստեղծել «ուղեղային կենտրոն» և մշակել «ճանապարհային քարտեզ» ՝ Ադրբեջանի հետ առևտրային հարաբերությունները զարգացնելու համար։ Դեսպանի խոսքերով՝ առաջնահերթ պլանում է Թեհրանի ու Բաքվի միջև բանկային համագործակցության խորացումը։