Այսօր, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը մամուլի ասուլիս տվեց Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտում՝ խոսելով վաղը կայանալիք Սերբիա-Հայաստան «Եվրո-2016»-ի ընտրական փուլի հանդիպման մասին, փոխանցում է Armsport.am կայքը:
Սերբ լրագրողների համար ասուլիսը մեծ հետաքրքրություն չէր առաջացրել եւ խաղին հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչներից քչերն էին եկել «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահ:
- Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչ է կատարվում սերբական ֆուտբոլում, թե ինչ վիճակում է Սերբիայի հավաքականը:
- Իհարկե, տեղյակ ենք: Չնայած ամեն ինչին, Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Ալբանիայի հետ չարաբաստիկ խաղը շատ բան փոխեց Սերբիայի համար: Հետեւում ենք նաեւ Սերբիայի առաջնությանը եւ տեղյակ ենք, որ կան շատ լավ երիտասարդներ, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել հիմնական կազմի խաղացողների հետ:
-Ինչպե՞ս եք դիտարկում այս հանդիպումը՝ հաշվի առնելով, որ երկու հավաքականներ էլ շանսեր չունեն:
- Սերբիան ավելի վատ վիճակում է, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն եթե ոչ մի շանս էլ չլինի, մենք միեւնույն է խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգեւենք նրանց:
- Ձեր գլխավորությամբ Հայաստանի հավաքականն անցկացնելու է պաշտոնական երկրորդ հանդիպումը: Առաջին խաղին կային կադրային որոշակի խնդիրներ, մի քանի խաղացողներ էլ լավ մարզավիճակում չէին: Արդյոք այժմ իրավիճակն այլ է, արդյո՞ք հավաքականի ճամբարում գտնվողները ֆունկցիոնալ լավ վիճակում են:
- Առաջին անգամ է, որ Բերեզովսկին արդեն ավարտել է կարիերան: Մարզիչը 3 օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ տղաները հանդիպումներ են ունեցել ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:
- Դժվար է տրամարդել թիմին հաղթանակի, երբ շանսեր չկան…
- Ինչ-որ չափով դա դժվար է: Բացի այդ խաղալու ենք դատարկ տրիբունաների ներքո եւ կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Բայց ես ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրավածություն լինի այս խաղում: Մենք պետք է անմնացորդ նվիրվենք վաղվա խաղում, քանի որ մենք երկրի պատիվն ենք ներկայացնում:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: