Բիզնես Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Հայաստանում հունվար-հուլիսին կոնյակի, օղու արտադրության ծավալները նվազել են

analitik.am

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2015թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 7 740.0 հազար լիտր կոնյակ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11.6%-ով: Նշենք, որ 2014 թ.-ին նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվել է 8 753.3 հազար լիտր կոնյակ:

Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում հունվար-հուլիսին արտադրվել է 4 981.5 հազար լիտր օղի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.6 %-ով (2014-ին արտադրվել է 5 060.4 լիտր օղի):

Նվազել է նաև գարեջրի արտադրությունը. եթե այս տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 3 377.4 հազար լիտր գարեջուր, ապա նախորդ տարի՝ 5 381.1 հազ. լիտր:

Ինչ վերաբերում է գինու արտադրության, ապա այս տարվա յոթ ամիսներին արտադրության ծավալներն աճել են: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին մեր երկրում արտադրվել է 3 013.7 հազար լիտր գինի: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 10.2%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝ 5.9%-ով աճել է նաև շամպայն-գինիների արտադրությունը: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել է 197.7 լիտր, իսկ 2014թ-ի հունվար-հուլիսին՝ 186.6 լիտր շամպայն-գինի:

ԱՎԾ-ի տվյալներով` հանրապետությունում ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ աճել է 3.8%-ով` կազմելով 41 398.7 հազար լիտր:

Նշենք նաև, որ այս տարվանից արտադրվում է հայկական վիսկի. հունվար-հուլիսին արտադրվել է 471.3 հազ. լիտր վիսկի:

Նույն շարքից