Սպորտ 

Եթե ունենայինք 3-4 Հենրիխ Մխիթարյան, առջևում ավելի արդյունավետ կգործեինք. Սարգիս Հովսեփյան

Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական տուրի Հայաստան - Դանիա հանդիպման նախօրեին կայացավ Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը.

 - Մխիթարյանը խաղում էր հենակետայինի դիրքում. արդյո՞ք ավելի օգտակար չէր լինի նա, եթե ավելի առջևից գործեր:
 - Ես գտնում եմ, որ մեր հավաքականին Հենրիխն այդ դիրքում է առավել օգտակար: Նա իր խաղով շատ է օգնում թիմին: Եթե մենք ունենայինք 3-4 Հենրիխ Մխիթարյան, կարող էինք առջևում ավելի արդյունավետ գործել:
 - Սերբիայի դեմ խաղից առաջ ի՞նչ հրահանգներ էիք տվել:
 - Մենք պետք է հակագրոհների վրա աշխատաեինք, քանի որ մրցակիցն անընդհատ գրոհելու է: Երկրորդ խաղակեսում մեր խաղն ընդհանուր չէր ստացվում և ամբողջ թիմը պարտվեց՝ ես էլ միասին:
 - Նշել էիք, որ որոշ ֆուտբոլիստներ կարգապահությունը չեն պահում. կարո՞ղ եք անուններ տալ:
 - Չեմ ցանկանում անուններ տալ, քանի որ դա ներքին խոհանոցի հարց է: Հնարավոր է տվյալ խաղը լավ չստացվի:
 - Հավաքականը գրեթե մեկ տարի չի հաղթել. ինչպե՞ս եք պատրաստվում մոտիվացնել ֆուտբոլիստներին:
 - Սեփական մարզադաշտում հաղթանակի ծարավը լրացնելուց լավ մոտիվացիա չկա: Մենք նույնպես հասկանում ենք դա և ամեն ինչ կանենք հաղթելու համար:
 - Սերբիայի հավաքականից կրած պարտությունն արդյո՞ք որոշ չափով կապված էր Արաս Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի խաղակցվածության ոչ բարձր մակարդակի հետ:
 - Չեմ ցանկանում պարտությունը 2 ֆուտբոլիստների հետ կապել: Մյուս անգամ Արասը կարող է ավելի լավ խաղալ, չէ՞ որ նա ամեն ինչ արել և անում է հավաքականի համար: Չեմ կարծում, թե պարտությունում նրանց մեղավորությունը կա:
 -   Ինչպե՞ս կմեկնաբանեք եզրային պաշտպանների խաղը և վնասվածք ստացած Լևոն Հայրապետյանի փոխարեն արդյո՞ք մեկնարկային կազմում կլինի Նորայր Ասլանյանը:
 - Միայն եզրայինները չեն պաշտպնվում, նաև կիսապաշտպաններն են պաշտպանվում: Ես նորմալ եմ համարում եզրային պաշտպանների խաղը, պարտվել ենք և չեմ կարող ասել, որ լավ են խաղացել: Ամեն դեպքում, երբ մրցակիցն առջևում բարձրակարգ ֆուտբոլիտներ ունի, պաշտպանների հիմնական խնդիրը պաշտպանվելն է: Չեմ կարող ասել, թե ով է փոխարինելու Հայրապետյանին. միայն Ասլանյանը չէ, որ կարող է այդ դիրքում խաղալ:
 - Դանիային պարտվելու դեպքում արդյո՞ք հրաժարական կտաք:
 - Անիմաստ է, որ ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական տա, քանի որ կգա նոր ժամանակավոր պաշտոնակատար:
Սկզբնաղբյուր` ffa.am

Նույն շարքից