Բիզնես Գյուղատնտեսություն Տնտեսություն 

Մսամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերում օգոստոսին գրանցվել է մինչև 0.3%-11.8% գնաճ. ԱՎԾ

analitik.am

2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, ոչ ոգելից խմիչքի, բանջարեղենի և կարտոֆիլի 0.3-11.8% գնաճով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության այսօրվա հրապարակումից:

Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 4-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-11.8% գնաճ, 7-ում՝ 5.5-0.2% գնանկում, իսկ երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 15.2%, իսկ 2015թ. հուլիսի համեմատ` 11.8% գնաճ:

Վերջինս հիմնականում պայմանավորվել է խառը կանաչեղենի՝ 12.9%, կանաչ լոբու՝ 19.0%, ծաղկակաղամբի՝ 42.5%, կանաչ սոխի` 44.2%, կաղամբի՝ 51.1%, կարտոֆիլի 53.1% գնաճով:

Դրան զուգընթաց, պարենային շուկայում գրանցվել է նաև գնանկում, մասնավորապես 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է սմբուկի` 53.0%, պղպեղի՝ 25.2%, գազարի՝ 19.4%, վարունգի՝ 17.3%, լոլիկի` 16.9%, գլուխ սոխի՝ 7.1%, սխտորի` 4.5%, ճակնդեղի՝ 3.4%, սնկի 1.7% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.3%, իսկ 2015թ. հուլիսի համեմատ` 0.3% գնաճ:  Իսկ 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է եփած և բարձր տեսակի ապխտած երշիկների՝ 0.3%, բաստուրմայի՝ 0.3%, պելմենիի՝ 0.3%, տավարի և խոզի մսերի՝ 0.8%, թռչնամսի 1.5% գնաճ: Դրան զուգընթաց, հավի բդի գինը նվազել է 1.7%-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 1.6%-ով, ոչխարի մսինը՝ 1.0%-ով, աղացած մսինը՝ 0.8%-ով, խոզապուխտինը՝ 0.8%-ով, նրբերշիկինը՝ 0.5%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ նվազել է 7.5%-ով, իսկ 2015թ. հուլիսի համեմատ՝ 5.5%-ով:

Մրգի ապրանքախմբում 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 7.5%, իսկ 2015թ. հուլիսի համեմատ` 5.1% գնանկում: Մասնավորապես 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ սեխի գինը նվազել է 38.2%-ով, ձմերուկինը՝ 35.9%-ով, սալորինը՝ 24.2%-ով, դեղձինը՝ 23.5%-ով, տանձինը՝ 18.5%-ով, խնձորինը՝ 3.2%-ով, չամիչինը՝ 1.8%-ով:

Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 1.1%, չորացրած մրգերի` 1.5%, կիտրոնի՝ 3.8%, նարնջի` 7.1%, կեռասի՝ 11.4%, ելակի՝ 20.5%, ծիրանի 2.1 անգամ գնաճ:

Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ նվազել է 1.3%-ով, իսկ 2015թ. հուլիսի համեմատ՝ 2.3%-ով:

Կաթնամթերքի ապրանքախմբում 2015թ. օգոստոսին 2014թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.5% գնաճ, իսկ 2015թ. հուլիսի համեմատ՝ 1.0% գնանկում: 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է մայոնեզի՝ 2.2%, «Լոռի», «Չանախ» և «Չեդեր» պանրատեսակների` համապատասխանաբար 1.4%, 0.8% և 0.8%, խտացրած կաթի՝ 0.7%, թթվասերի՝ 0.5% մածունի՝ 0.4%, կաթնաշոռի 0.3% գնանկում:

Նույն շարքից