Լաս-Վեգասում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի 2015թ․ առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս գալու Հայաստանի 4 ներկայացուցիչներ՝ 59, 71, 80 և 130 կգ քաշային կարգերում։
59 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Ռոման Ամոյանը։ Այս քաշային կարգում առաջատարն աշխարհի բազմակի չեմպիոն իրանցի Սորյանն է: Ամոյանը որակաորման փուլում հանդիպելու է մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ, ով բավականաչափ ուժեղ ըմբիշ է: Նրան հաղթելու դեպքում մեր ըմբիշը կմրցի ուզբեկ Էլմուրատ Թասմուրադով և մեքսիկացի Ալի Սոտո Մացիաս զույգի հաղթողի հետ:
Այսօրվա մյուս օլիմպիական քաշը, գերծանր՝ 130 կգ-ն է: Այստեղ մեր երկիրը ներկայացնելու է երիտասարդների այս տարվա բրոնզե մեդալակիր Էդգար Խաչատրյանը: Նա առաջին փուլում հանդիպելու է Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Էդուարդ Սողոմոնյանի հետ: Բրազիլիայի չեմպիոնին հաղթելու դեպքում Խաչատրյանը կհանդիպի Էդգարդո Խուան Լոպես Մոռել (Պուերտո Ռիկո) և Մուրատ Ռամոնով (Ղրղզստան) զույգի հաղթողի հետ:
Ոչ օլիմպիական 71 կգ քաշային կարգում պայքարելու է աշխարհի 2014թ․ առաջնության կիսաեզրափակչի մասնակից Վարշամ Բորանյանը: Նա առաջին փուլում մրցելու է կորեացի Ջեոնգեոն Լիի հետ: Իսկ հաղթանակի դեպքում կմրցի Եգիպտոսի կամ Ղրղստանի ներկայացուցիչներից մեկի հետ:
80 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու Էդուարդ Սարգսյանը, ով առաջին անգամ է մասնակցելու աշխարհի առաջնության: Նա աշխարհի առաջնություններում իր մեկնարկային գոտեմարտում կհանդիպի ավստրիացի Միչել Վագների հետ: