2015թ-ի առաջին 7 ամիսներին ՀՀ-ում գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 328 մլրդ 400 մլն դրամ։ Բուսաբուծության ոլորտում գրանցվել է 26.6% աճ, իսկ անասնապահության ոլորտում՝ 4.2%։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս տվյալները ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտի տնտեսական աճը կազմում է 14.4%։ Գյուղատնտեսության բոլոր ճյուղերում աճ է արձանագրվել»,-ասաց նա։
Սերգո Կարապետյանը առանձնացրեց մի քանի գործոններ, որոնք հիմք են ծառայել ոլորտում այս տարի աճ գրանցելու համար։ Դրանք են՝ պետական օժանդակություն մի շարք ծրագրեր, մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացում, արտադրության ինտենսիվության մակարդակի որոշակի բարձրացում, բնակլիմայական նպաստավոր պայմաններ և գյուղացու քրտնաջան աշխատանք։
«Պետական օժանդակության ծրագրեր իրականացվում են 2011թ-ից՝ սերմնաբուծության զարգացման ծրագրեր, պարարտանյութերի ու դիզելային վառելիքի օժանդակություն է տրվել, սուբսիդավորվող վարկերի տրամադրումն է՝ այս տարի պետությունը սուբսիդավորեց 6%, նախորդ տարիների 4%-ի փոխարեն։ Գյուղացիական տնտեսություններն այս տարի հնարավորություն ունեն 8%-ով գյուղացիական վարկեր ստանալու»,-ասաց նա և ընդգծեց, որ պետական ծրագրերի շնորհիվ բարձրացվել է հացահատիկային մշակաբույսերի ինտենսիվությունը։
Նախարարն ընդգծեց, որ սերմաթարմացումն ու նոր սերմերի ներկրումը ավելացրել է բերքատվությունը։
«Եթե ցորենի առումով 2010թ-ին հացահատիկի միջին բերքատվությունը կազմում էր 22.4 ցենտներ, ապա միջին բերքատվությունը այս տարի կկազմի 30 և ավելի ցենտներ»,-ասաց նա և նշեց, որ մոտ տասը օրից հնարավոր կլինի ամփոփել հացահատիկային բերքի ցուցանիշները։
Նախարարն տեղեկացրեց նաև, որ այս տարի երկրում մշակվող ցանքատարածություններն ավելացել են։
«Մենք ունենք 447 հազ. հա վարելահողեր, որոնց մշակության մակարդակը 2010թ-ին կազմում էր 63%, այս չորս տարիների ընթացում մենք կարողացանք 50 հազ. հա հավելյալ հող մշակել։ Միայն այս տարի մշակվել է 18 հազ. 500 հա ցանքատարածություն, և դա կազմում է 78.5%։ Բոստանային մշակաբույսերի տարածքներն ավելացել են 1000 հա-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 2500 հա, կարտոֆիլինը՝ 1000 հա-ով, կերային մշակաբույսերինը՝ 3200-ով, իսկ հացահատիկային մշակաբույսերինը՝ 11 հազ. հա-ով»,-ասաց նա։