Տնտեսություն 

Ֆիննախը քննարկում է օտարերկրյա ինտերնետային շահումով խաղերը ՀՀ–ում արգելափակելու հարցը

ՀՀ կառավարությունն առաջարկում է ինտերնետային շահումով խաղերի լիցենզիան դադարեցնել, ինչը, ըստ իշխող «Հանրապետական» խմբակցության պատգամավորի, հանգեցնելու է ոլորտում մենաշնորհի հաստատման, քանի որ անհրաժեշտ պահանջները անհնարին են դարձնում լիցենզավորումը:

ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում քննարկվող «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագծով առաջարկվում է ինտերնետային շահումով խաղերի լիցենզավորման եղանակը բարդացնել, այդ իսկ ճանապարհով դրանց վրա սահմանել բարձր վերահսկողություն:

«Առաջարկում ենք ինտերնետային շահումով խաղերի կազմակերպման պարզ լիցենզավորման գործընթացը տեղափոխել բարդ լիցենզավորման դաշտ»,- հայտարարեց հիմնական զեկուցող, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:

Օրինագծի շուրջ իր մտահոգությունները ներկայացրեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ նպատակ ունի տեղական ինտերնետային շահումով խաղերի լիցենզավորումը բարդացնել, երբ գոյություն ունեն արտասահմանյան նման ինտերնետային կայքեր, որոնք Հայաստանի համար հասանելի են:

«Դրսի սայտերը ո՞նց ենք վերահսկելու: Հիմա ես բացում եմ «Եվրոպա բեթ»-ը, ես չէ… Հա,  նաև ես, նենց չի որ դա ամոթ է, սկսում եմ խաղալ, ո՞նց ենք վերահսկելու: Աստված տվել չի խնայել էդ կայքերը, մտնում ես, սայտը գալիս ա, ապրանքները գալիս ա, պիտի էջը փոխե՞ս...»,- բացատրեց Վարդան Այվազյանը:

Վարդան Միրումյանն էլ համաձայնեց, թե օտարերկրյա նման կայքերի վերահսկողությունը դժվար է: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ինքն անձամբ կողմնակից չէ տվյալ կիսալուծմանը: «Ես կողմնակից չեմ, կողմնակից եմ, որ կամ լրիվ բացենք, կամ փակենք, կիսատ-պռատը լուծումը լավ չէ»,- ասաց Այվազյանը:

Վարդան Միրումյանն էլ հայտնեց, որ օտար կայքերի վերաբերյալ նախարարությունում տարվում են քննարկումներ, ընդհուպ մինչև դրանց գործունությունը Հայաստանում սահմանափակելու մասով. «Մենք փորձում ենք եղանակ գտնել: Անգամ մտածում ենք այդ կայքերը արգելափակենք: Եղանակները քննարկվում են: Լուծումը պատրաստ չէ, չեմ կարող ներկայացնել, բայց, կրկնում եմ, մենք էլ կիսում ենք այդ տեսակետը, փնտրում ենք լուծում»:

 

Փոխնախարարը հայտնեց, որ բարդ ընթացակարգը ներառում է եկամուտների աղբյուրի մասին համապատասխան տեղեկանք, նախկինում դատվածություն չունենալու մասին վկայություն և մի շարք այլ փաստաթղթեր, որոնք, ըստ Վարդան Այվազյանի, գրեթե անհնարին են դարձնում ինտերնետային շահումով խաղի համար լիցենզիա ստանալու կարգը:

 

«Ես անկեղծ ասեմ, անհանգստացած եմ, որ սա էլ ա մենաշնորհային լինելու, եթե այս պայմանները լինեն: Պարզ երևում է, տղե՛րք, սենց չի լինի: Այն պահանջները, որոնք կան, կարող է ես սխալվում եմ, բայց դրանք անհնար են դարձնում լիցենզավորումը: Դրսինը չենք կարող վերահսկել, ներսինն էլ խստացնում ենք… Կիսատ լուծում է ստացվում: Եկեք խիստ վերահսկողություն անենք: Դրա համար կխնդրեմ նայեք հարցը»,- հայտարարեց Վարդան Այվազյանը:

 

Նույն շարքից