Հիշում եմ և պահանջում 

Մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին. Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ

Մարտի 17-ին Սիրիայի Ժողովրդական ժողովը հատուկ նիստ է նվիրել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։



Նիստը բացել է Ժողովրդական ժողովի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ-Լահամը: Իր խոսքում նա նշել է. «Եկող օրերը համընկնում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որը օսմանցիների կողմից իրականացվեց բարեկամ հայ ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մենք մեր բացարձակ համերաշխությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցներին, որոնք 100 տարի առաջ Օսմանյան իշխանությունների կողմից ենթարկվեցին զարհուրելի ցեղասպանության:

 


Այսօր վերհիշում ենք պատմության արձանագրած ամենասարսափելի և ցավալի մի հիշատակ: Մենք միջազգային հանրությանը և աշխարհի բոլոր ժողովուրդներին կոչ ենք անում կանգնել կողք-կողքի՝ մարդասպանների, դահիճների և ահաբեկչության դեմ հանդիման, որոնք սպառնում են Միջին Արևելքին, որպեսզի կանխենք մարդկության, քաղաքակրթության և պատմության նկատմամբ այլ ոճրագործություններ»:



Այնուհետև Ջիհադ ալ-Լահամը Ժողովրդական ժողովի պատգամավորներին հրավիրել է հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության ավելի քան մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:


 

Նիստի ընթացքում ելույթ են ունեցել տարբեր խմբակցությունների ավելի քան 20 պատգամավորներ և մշտական հանձնախմբերի նախագահներ, որոնք խստորեն դատապարտել են Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրագործված այդ ծանր հանցագործությունը` միաժամանակ դիմելով միջազգային հանրությանը` դատապարտել 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին ցեղասպանությունը:

Նույն շարքից